ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Առել-անցել ենք` փող հա՛ փող, ամեն տեղ` փող, փող…

Առել-անցել ենք` փող հա՛ փող,  ամեն տեղ` փող, փող…
10.04.2015 | 00:26

Բազմակնճիռ այս օրերում տակնուվրա եղավ շատ բան, այդ թվում` ոտնատակ տրվեց բժշկի` մինչ այս սրբազան համարվող կոչումը։ Ինչո՞ւ։ Պատճառն ու նախահիմքը ՓՈՂՆ է` թմրադեղերից վատթարագույնը, որ աչքներիս առաջ հնձում է աջ ու ձախ, գցում, տրոհում, պղծում։
Միայն առողջապահությա՞ն մեջ։ Աշխարհի քաղաքականացված այս բեմահարթակում ամենուր հեղվում է մարդկության արյունը` այս ու այն սարքովի, հնարովի, շինծու, իբր, նպատակամղումներով։ Մինչդեռ բո՛ւն պատճառն ու նպատակը իշխելու, տիրելու ծարավն է, ուրեմն և` շահը, շահույթը, փողը։ Ո՞վ չգիտի սա։ Բայց մի պահ կանգ առնենք։ Ասենք նաև, որ չարի, խավարի այդ ծառաներին ձեռնտու է մարդկային զանգվածների հուսահատությունը, որ շարունակեն իրենց սև երթը։ Կա՛ և կլինի հակադարձ ուժը չարի դեմ` Նորին մեծություն Բարին, Անկորնչելին։ Կյանքը կյանք դարձնողը։
Եթե գոյություն ունեն փողի պատճառով շտապ վիրահատությունը հետաձգող և հիվանդի կորստյան պատճառ դարձող «բժիշկներ», ապա կան և ծնյա՜լ բժիշկները, Հիպոկրատի ճշմարիտ հետնորդները` մշտապես օրհնված ու հարգելի։ Խոսքս նրանցից մեկի` բազմամյա թերապևտ, աշխատանքային 55-ամյա վաստակի տեր, սիրված ու հարգված բժշկուհու` Ցողիկ Բագրատի Ջանիկյանի մասին է։ Ասում են խորհրդային, այս ու այն, մինչ բոլոր հասարակարգերում էլ մարդը նույնն է։ Այդ է հավաստում և Աստվածաշունչը։ Հիշենք Հիսուսի և բորոտների պատմությունը։ Հիսուսի բժշկած 10 բորոտներից ¥տա՜սը, է՜...¤ միայն մե՛կը շնորհակալություն հայտնեց նրան։ Բուժվելուն պես մնացած ինը հավաքեցին իրենց փասա-փուսան և հայդա՜։ Այն էլ... բորոտությունի՜ց փրկվածները։
Բժշկուհի Ցողիկ Ջանիկյանը մայրիկիս տարեկիցն է` ծնվել է 1927-ին, Երևանում։ Մայրս վաղուց չկա, մինչ բժշկուհու ամենահաս մայրությունը շատերին է օգնում։ Աշխատանքային իր 55-ամյա կենսագրությունը բաժանվում է երկու մասի` 22 տարի տեղամասային բժիշկ, 33 տարի էլ` բաժնի վարիչ։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և... ի գործ։
Մեր օրերում փորձում են իրացնել ընտանեկան բժշկի կարգավիճակը։ Բարի ընթացք, եթե, ինչպես շատ դեպքերում, ժողովրդի ներկայիս սոցիալական դրությունը չբարդացնի վիճակը։
Վկայում եմ, որ խորհրդային ժամանակներում, երբ բժշկությունը և ուսումնառությունը անվճար էին, Ցողիկ Բագրատովնայի աշխատանքային գործունեության մեջ փաստացի կար այդ երևույթը, կոնկրետ` մեր ընտանիքի պարագայում։ Դա բժշկուհու անհատական մարդկային նվիրումի և բարեխղճության դրսևորումն էր։ Բացի մայրիկիցս, որ նրա հիմնական հիվանդն էր կաթվածից հետո, բժշկուհի Ջանիկյանի փրկարար ձեռքը հասնում էր տանը հիվանդացող մյուսներին էլ։ Անհատույց, առանց որևէ ակնկալության։ Այլ հարց, որ ինքներդ, լավը փոխադարձելու օրհնյալ սկզբունքով, ծաղկեփունջ կամ քաղցրավենիք էիք տանում նրան` ի նշան շնորհակալության։ Պատկերացնո՞ւմ եք, ծաղիկները վերցնում էր, քաղցրավենիքի տուփը` ոչ, ստիպելով։ Պատահել է, դրել եմ կողքի սեղանին և դուրս եկել։
Հիմա, հիմա՜... առել-անցել ենք` փող հա՛ փող, ամեն տեղ` փող, մտագարության է հասնում։ Տեղեկատվական մի ծառայություն կար հեռախոսով` անվճար, դա էլ դարձրել են վճարովի։ Մի ասող լինի, այդ ո՞ւմ եք այդպես բմբլահան անում` հարազատ ժողովրդի՞ն։
Բժշկուհի Ջանիկյանը միաժամանակ բժիշկների ընտանիք է ստեղծել. 3 դուստրերը ևս բժիշկներ են, երեք թոռները` նույնպես։ Բոլորն էլ աշխատում են։
Վիրահատվել եմ 2005-ին, փրկվել բավականին ծանր գնով. այսօր քայլելու դժվարություն ունեմ։ Ցողիկ Բագրատովնան էլ քիչ է դուրս գալիս տնից, մնում է հեռախոսային կապը սիրելի բժշկուհու հետ։ Եվ ոչ միայն ես։ Շատերին է հասնում նրա փրկարար խոսքը։ Իհարկե, ովքեր կարողանում են, գնում են նրա մոտ` տուն։ Երեկվա երևանցիներից էլ` այսօր սփյուռքահայ, պահպանում են կապը նրա հետ, գրում են, հեռակապով հաղորդակցվում, մեկն էլ փող էր ուղարկել։ Եվ սա, ժամանակային այն փուլում, երբ բժշկությունն անգամ քաղաքականացված է։ Պատմության ճգնաժամային պահերին բժշկությունը միշտ էլ քաղաքականացվել է, քանի որ մարդու էությանն ամենամոտ կանգնած գիտությունն է։ Խորին հարգանքով և հիացումով այսօր էլ հիշում ենք այն բժիշկներին, ովքեր նույն խորհրդային ժամանակներում չստորագրեցին Աղասի Խանջյանի դատաբժշկական փորձաքննության տակ, թե եղածը, իբր, ինքնասպանություն է։ Եվ... գնդակահարվեցին։
Ցողիկ Բագրատովնայի` վաստակած բժշկուհու կուսակցությունը Մարդն է, նրա բարօրությունը. և դրա համար խորին խոնարհում և շնորհակալություն նրան։ Համբուրում եմ նրա փրկարար ձեռքը։


Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ